Հայաստանի Հանրապետության Քաղաքացիությունը

Նպատակ՝ Ծանոթանալ ՀՀ քաղաքացիության կարգերին։

Խնդիր՝ Ուսումնասիրել ՀՀ քաղաքացիությանը վերաբերող դրույթները

Ընթացք՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով:

Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից:i

Քաղաքացիությունը փոխելը կարգավորում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:

Եթե վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը և անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը և ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելու անթույլատրելիությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը

Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:

Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքինին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետությունից դուրս օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից և հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետությունը նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև` միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

  • Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք

Օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը և չի խոչնդոտում նրանց կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ.

2) ծննդով.

3) քաղաքացիություն ստանալու միջոցով.

4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.

5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

7) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`i

1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: Սույն կետի հիմքով անձը  ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:

Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն`

1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ,

2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ

3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:

  • Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.

2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է.

3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.

4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.

5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.

6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

3. Սույն օրենքի իմաստով երեխան Հայաստանի Հանրապետությունում ծնված է համարվում նաև, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավում:

4. Սույն հոդվածի իմաստով ծնողի քաղաքացիությունը համարվում է անհայտ, եթե մինչև երեխայի քաղաքացիությունը որոշելու համար վերջնական որոշում կայացնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ձեռնարկած անհրաժեշտ և բավարար միջոցների արդյունքում հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

3) 3-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-319-Ն օրենք

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.

5) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:

Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալի միջոցով, պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է տրվել տվյալ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

  • Երկքաղաքացիություն

Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքերը, և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:

Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած, սակայն այլ երկրի քաղաքացիություն չստացած անձը, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումն իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով:

(http://www.irtek.am/)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s