Բուլինգ

Աշխարհում 13-ից 15 տարեկան աշակերտների կեսը՝ շուրջ 150 մլն. երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել․ սա փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկը։ Երևույթը, որը «բուլինգ» անունն ունի, Հայաստանում ևս տարածված, սակայն չուսումնասիրված խնդիր է։

Բուլինգ անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, բայց առավել վտանգավոր է դպրոցականների շրջանում:

Բուլինգը կարող է դրսևորվել ինչպես իրական կյանքում, այնպես էլ՝ առցանց: Կիբեր-բուլինգը տեղի է ունենում սոցիալական ցանցերի, SMS-ների, էլեկտրոնային փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակների միջոցով:

Վիճակագրություն այն մասին, թե դպրոցում տարեկան քանի երեխա է հասակակցի կողմից բռնության ենթարկվում, Հայաստանում չկա։  Թեպետ խնդիրն առկա է, բայց այն հաճախ չի դիտարկվում որպես խնդիր, համարվում է  «բնականոն, նորմալ երևույթ», այդ պատճառով էլ հետազոտությունները, որոնք կչափեն բուլինգի տարածվածությունը, բացակայում են։ Փոխարենը կան թվեր, թե քանի անչափահաս է  բուլինգի ականատես եղել։

Leave a comment