Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Պատմություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի օկուպացիա Խորհրդային Ռուսաստանի կողմից

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

ՀՍՍՀ զինանշանի վաղ տարբերակը (1922)

Նոյեմբերի 30-ին Հայ-հեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է Կարմիր բանակի օգնությունը։ Նույն օրն ստացվել է Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի հեռագիրը, որով խորհրդային Ադրբեջանը, հօգուտ խորհրդայնացած Հայաստանի, հրաժարվել է «վիճելի» համարվող Ձանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից։ Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։

Սարգիս Կասյան

Երևանյան համաձայնագրով (դեկտեմբերի 2)՝ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։ Դեկտեմբերի 6-ին, Սարգիս Կասյանի գլխավորությամբ, Երևան մտած Հայհեղկոմը հենց սկզբից խախտել է համաձայնագիրը, ըստ որի՝ հեղկոմում (օրենսդիր և գործադիր մարմին էր) պետք է ընդգրկվեր նախկին կառավարությունից 2 հոգի։ Այնուհետև բոլշևիկները չեն կատարել համաձայնագրի նաև մյուս կետերը։ Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։ Քարոզչական արշավանք է սկսվել նախկին իշխանությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ըստ վարչական բաժանումների՝ հեղկոմներ են ստեղծվել նաև գավառներում, շրջաններում (գավառակներ), գյուղերում։ Հայհեղկոմի իշխանությունը չի տարածվել այն տարածքների վրա, որոնք գրավել կամ ռազմակալել էին թուրքական զորքերը՝ Ալեքսանդրապոլի և Նախիջևանի գավառները, Վրաստանը՝ Լոռու «չեգոք գոտին», խորհրդային Ռուսաստանը՝ Ղարաբաղը և Ձանգեզուրը, որոնք վերահսկում էին Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ գործող ուժերը։ Հայհեղկոմի առաջին դեկրետով ստեղծվել է Արտակարգ հանձնաժողով (ռուսական հապավումը՝ Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա), որի նպատակը «հակահեղափոխական ու Խորհրդային Հայաստանի» դեմ պայքար ծավալելն էր։ Նախկին դատական համակարգը փոխարինվել է «ժողովրդական դատարաններով» և դրոշը «հեղափոխական տրիբունալներով»։ Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) օրենսդրությամբ։

Հայաստանի կոմունիստական  կուսակցության՝  կենտկոմը կազմակերպել ու ղեկավարել է խորհրդային իշխանության հաստատման գործընթացը։ Ձևավորվել են գավառային ու շրջանային կազմակերպությունները, առաջին սկզբնական կուսումնական բջիջները (կազմակերպություններ)։ Չնայած իր անվանը՝ Հայաստանի կոմկուսը ինքնուրույն ու անկախ կազմակերպություն չէր, չուներ իր ծրագիրն ու կանոնադրությունը, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության՝  բաղկացուցիչ մասն էր և Հայաստանում իրականացրել է նրա քաղաքականությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s